ԵՍԹԵՐ 8
8
Հրովարտակը խափանվում է
1Այն ժամանակ Ասուերոս թագավորը Եսթեր թագուհուն տվեց հրեաների թշնամի Համանի տունը, և Մուրթքեն եկավ թագավորի առաջ, քանի որ Եսթերը նրան ասել էր, թե նա իր ինչն էր։ 2Եվ թագավորը հանեց իր մատանին, որ վերցրել էր Համանից, և այն տվեց Մուրթքեին. Եսթերը Մուրթքեին Համանի տան վերակացու դրեց։
3Եսթերը դարձյալ խոսեց թագավորի առաջ, նրա ոտքերն ընկավ, լացեց և աղաչեց նրան, որ խափանի ագագացի Համանի չարությունը և այն հնարքը, որ հնարել էր հրեաների դեմ։ 4Թագավորը դեպի Եսթերը մեկնեց ոսկե գավազանը, և Եսթերը ելավ կանգնեց թագավորի առաջ։ 5Եվ ասաց. «Եթե հաճելի է թագավորին, և եթե ես շնորհ եմ գտել նրա առաջ, և եթե այս բանն ուղիղ է թագավորի առաջ, և ես հաճելի եմ նրա աչքին, թող հրաման գրվի, որ վերադարձնեն ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրությունները, որ գրել է թագավորի բոլոր գավառներում եղող հրեաներին ոչնչացնելու համար։ 6Որովհետև ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգին հասնող չարիքը և ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը»։
7Ասուերոս թագավորն ասաց Եսթեր թագուհուն և հրեա Մուրթքեին. «Ահա ես Համանի տունը տվեցի Եսթերին, և նրան կախեցին փայտից նրա համար, որ իր ձեռքը բարձրացրել էր հրեաների վրա։ 8Դուք էլ թագավորի անունով գրեցե՛ք հրեաների մասին, ինչ որ հաճելի է ձեր աչքին, և կնքեցե՛ք թագավորի կնիքով. որովհետև այն գիրը, որ գրվեց թագավորի անունով և կնքվեց թագավորի մատանիով, չի կարելի փոխել»։
9Այն ժամանակ երրորդ ամսի, այսինքն՝ սիվան ամսի քսաներեքին, կանչվեցին թագավորի գրագիրները, և հրեաների նկատմամբ գրվեց Մուրթքեի ամբողջ պատվիրածի պես և ուղարկվեց նախարարներին ու կուսակալներին և գավառապետներին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ գավառների. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և ամեն մի ազգին՝ իր լեզվով և հրեաներին՝ իրենց գրով և իրենց լեզվով։ 10Գրեց Ասուերոս թագավորի անունով և կնքեց թագավորի մատանիով և հրովարտակներն ուղարկեց ձիավոր սուրհանդակներով, որոնք հեծել էին նժույգների վրա, որ ծնվել էին արքունի ախոռում։ 11Հրովարտակներում թագավորը հրաման էր տվել յուրաքանչյուր քաղաքում եղող հրեաներին, որ հավաքվեն և պաշտպանեն իրենց կյանքերը, ոչնչացնեն, սպանեն և կոտորեն ամբողջ բանակը՝ որևէ ժողովրդի և բանակի, որոնք կհարձակվեն իրենց վրա, ներառյալ մանուկներին ու կանանց, և կողոպտեն նրանց ունեցվածքը. 12Ասուերոս թագավորի բոլոր գավառներում մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին։ 13Այս գրի պատճենը իբրև օրենք պետք է տրվի յուրաքանչյուր գավառում՝ հրապարակելով բոլոր ազգերի համար, որպեսզի հրեաները նույն օրվա համար պատրաստ լինեն իրենց վրեժն իրենց թշնամիներից առնելու համար։ 14Թագավորական նժույգներին հեծած սուրհանդակները, որ թագավորի խոսքով փութալով շտապում էին, դուրս գնացին։ Այս օրենքը հրապարակվեց Շուշան մայրաքաղաքում։
15Մուրթքեն թագավորի առջևից դուրս եկավ արքայական կապուտակ և սպիտակ հագուստով և ոսկե մեծ թագով, բեհեզյա և ծիրանի պատմուճանով, և Շուշան քաղաքը աղաղակեց ու ցնծաց։ 16Հրեաները լույս և ուրախություն, ցնծություն և պատիվ ունեցան։ 17Բոլոր գավառներում ու բոլոր քաղաքներում, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, ուրախություն և ցնծություն էր լինում հրեաների մեջ, մեծ խնջույք և տոնախմբություն։ Եվ այն երկրի ժողովրդից շատերը հրեա էին դառնում, որովհետև հրեաների վախը նրանց վրա էր ընկել։
Currently Selected:
ԵՍԹԵՐ 8: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018