ԺՈՂՈՎՈՂ 3
3
Ամեն բան իր ժամանակն ունի
1Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։
2Ծնվելու ժամանակ և մեռնելու ժամանակ. տնկելու ժամանակ և տնկածն արմատախիլ անելու ժամանակ։
3Սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ. քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ։
4Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ. սգալու ժամանակ և պարելու ժամանակ։
5Քարեր շպրտելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. ողջագուրվելու ժամանակ և ողջագուրանքից հեռու մնալու ժամանակ։
6Փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ։
7Պատռելու ժամանակ և կարելու ժամանակ. լռելու ժամանակ և խոսելու ժամանակ։
8Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ. պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ։
9Իր արած աշխատանքից ի՞նչ օգուտ ունի աշխատողը։
10Տեսա այն զբաղմունքը, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի նրանով զբաղվեն։
11Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։
12Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։
13Նաև որ Աստծու պարգևն է, որ ամեն մարդ ուտում-խմում է և վայելում իր ամբողջ աշխատանքը։
14Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա. հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել. Աստված այդ արել է, որ վախենան իրենից։
15Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է. Աստված անցածն#3.15 Բռց. հալածված։ է փնտրում։
Անարդարություն աշխարհում
16Արեգակի տակ նաև տեսա, որ իրավունքի նստավայրում անիրավություն կար, արդարության նստավայրում՝ անիրավություն։
17Ես իմ սրտում ասացի. «Արդարին և անիրավին Աստված դատելու է, որովհետև ամեն ինչի համար ժամանակ կա և ամեն արարքի»։
18Ես իմ սրտում ասացի մարդկանց որդիների մասին, որ Աստված փորձում է նրանց, որ տեսնեն, թե իրենք անասուններ են։
19Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։
20Բոլորը նույն տեղն են գնում. ամեն բան հողից է եղել և ամենը հող է դառնալու։
21Ո՞վ գիտի, թե մարդկանց որդիների հոգին վեր է գնում, իսկ անասունի հոգին ներքև է գնում՝ գետին։
22Ու տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով, որովհետև նրա բաժինը դա է. քանզի նրան ո՞վ պիտի տանի, որ տեսնի, թե ինչ է լինելու իրենից հետո։
Currently Selected:
ԺՈՂՈՎՈՂ 3: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018