Բ ՕՐԵՆՔ 23
23
Տիրոջ ժողովրդի միջից արտաքսում
1«Ամորձիքը ճզմված կամ առնանդամը կտրված տղամարդը Տիրոջ ժողովատեղի թող չմտնի։
2Պոռնկորդին չմտնի Տիրոջ ժողովատեղի. նրա տասներորդ սերունդն անգամ չպետք է մտնի Տիրոջ ժողովրդի մեջ։
3Ամմոնացին և մովաբացին չմտնեն Տիրոջ ժողովատեղի. նրանց տասներորդ սերունդն անգամ հավիտյան չպետք է մտնի Տիրոջ ժողովատեղի, 4որովհետև երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, նրանք ճանապարհին հացով ու ջրով չդիմավորեցին ձեզ և որովհետև Միջագետքում Փաթուրից վարձով բերել տվեցին Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։ 5Բայց քո Տեր Աստվածը չուզեց լսել Բաղաամին, այլ քո Տեր Աստվածը անեծքը օրհնության վերածեց քեզ համար, որովհետև քո Տեր Աստվածը սիրեց քեզ։ 6Նրանց խաղաղություն և բարօրություն չցանկանաս քո կյանքի բոլոր օրերին, հավիտյան։
7Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։ 8Նրանցից ծնվելիք զավակների երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովատեղի։
Բանակատեղին մաքուր պահել
9Երբ բանակով գնաս քո թշնամիների դեմ, զգուշացի՛ր ամեն տեսակ չար բանից։ 10Եթե քեզ մոտ գտնվի մի մարդ, որ երազախաբության պատճառով մաքուր չլինի, թող բանակատեղիից դուրս գա և բանակատեղի չմտնի։ 11Երեկոյան դեմ նա պետք է լվացվի ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։ 12Բանակատեղիից դուրս մի տեղ պետք է ունենաս և այնտե՛ղ գնաս քո պետքն անելու համար։ 13Քո գործիքների մեջ մի բահ պետք է ունենաս, որպեսզի երբ դրսում պետքերդ հոգալու համար նստելու լինես, դրանով մի փոս փորես և քո աղբը ծածկես. 14որովհետև քո Տեր Աստվածը շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամիներին մատնի քո ձեռքը։ Ուրեմն քո բանակատեղին մաքուր պետք է լինի, որպեսզի Տերը, քեզ վրա աղտեղություն տեսնելով, չզզվի քեզանից։
Զանազան օրենքներ
15Իր տիրոջից փախչելով քեզ մոտ ապաստանած ստրուկին իր տիրոջ ձեռքը չհանձնես։ 16Թող նա քեզ մոտ բնակվի, քեզ հետ, քո քաղաքներից մեկում, այնտեղ, ուր հարմար կլինի իրեն. նրան չնեղես։
17Իսրայելի աղջիկների մեջ բոզ չպետք է լինի, իսկ Իսրայելի տղաների մեջ՝ ոչ մի իգացող։ 18Բոզի վարձը կամ շնացողի գինը քո Տեր Աստծու տունը չտանես որևէ ուխտ կատարելու համար, որովհետև երկուսն էլ պիղծ են քո Տեր Աստծու առջև։
19Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։ 20Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։
21Երբ քո Տեր Աստծուն մի ուխտ ունես, չհապաղես այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածն անպատճառ այն պահանջելու է քեզանից, և դու մեղքի տեր կդառնաս։ 22Բայց եթե չուզենաս ուխտ անել, դա մեղք չի համարվի քեզ։ 23Քո շրթունքներից դուրս եկածը զգուշությամբ կկատարես, ինչպես որ Տեր Աստծուն ուխտել ես ազատ կամքով. ինչ որ ասել ես քո շրթունքներով։
24Երբ քո մերձավորի այգին մտնես, կարող ես ուզածիդ չափ խաղող ուտել և հագենալ, բայց ամանիդ մեջ չլցնես։
25Երբ քո մերձավորի ցորենի արտը մտնես, կարող ես ձեռքով պոկել հասկերը, բայց մանգաղ չզարկես քո մերձավորի հնձին»։
Currently Selected:
Բ ՕՐԵՆՔ 23: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018