YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 18

18
Կորնթոսի եկեղեցու հիմնադրումը
1Դրանից հետո Պողոսն Աթենքից մեկնեց և եկավ Կորնթոս։ 2Նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի։ Նա իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոսի հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային։ Պողոսը նրանց մոտ գնաց։ 3Եվ քանի որ արհեստակից էր, նրանց մոտ մնաց ու աշխատում էր, որովհետև արհեստով վրանագործ էին։ 4Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում և համոզում հրեաներին ու հույներին։
5Երբ Շիղան ու Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը տրվեց քարոզին՝ հրեաներին վկայելով, որ Հիսուսն է Քրիստոսը։ 6Բայց քանի որ նրանք ընդդիմանում էին ու հայհոյում, Պողոսը հագուստները թափ տվեց և նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անմեղ եմ։ Այսուհետ ես հեթանոսների մոտ եմ գնում»։ 7Եվ այդտեղից ելավ, մտավ մեկի տունը, որի անունը Տիտիոս Հուստոս էր. մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ 8Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ ընտանիքով հավատաց Տիրոջը. կորնթացիներից շատերը նույնպես, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։ 9Եվ Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր, 10որովհետև ես քեզ հետ եմ. և ոչ ոք քեզ վրա չի հարձակվի՝ քեզ վնասելու, որովհետև այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ 11Պողոսն այստեղ մնաց մեկ տարի և վեց ամիս՝ նրանց ուսուցանելով Աստծու խոսքը։
Պողոսն ատյանի առաջ
12Աքայիայում հյուպատոս Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան տարան՝ 13ասելով. «Սա մարդկանց համոզում է, որ օրենքին հակառակ ձևով Աստծուն պաշտեն»։ 14Երբ պատրաստվում էր բերանը բացել, Գաղիոնը հրեաներին ասաց. «Հրեանե՛ր, եթե ինչ-որ անիրավություն կամ նենգ խարդախություն լիներ, արժեր, որ ձեզ լսեի։ 15Բայց եթե հարցը խոսքին, անուններին և ձեր օրենքին է վերաբերում, դո՛ւք տեսեք, որովհետև այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել»։ 16Եվ նրանց ատյանից հանեց։ 17Եվ բոլորը բռնել էին Սոսթենես ժողովրդապետին և ատյանի առաջ ծեծում էին, իսկ Գաղիոնը ոչ էլ մտահոգվում էր դրանց համար։
Պողոսի վերադարձը Անտիոք
18Իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին և նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիղան ու Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում խուզել էր գլուխը, որովհետև ուխտ էր արել։ 19Երբ Եփեսոս հասավ, նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։ 20Եվ նրանք աղաչում էին նրան, որ երկար ժամանակ այնտեղ մնա, բայց նա մերժեց 21ու նրանց հրաժեշտ տալով՝ ասաց. «Աստծու կամքով նորից ձեզ մոտ կդառնամ»։ Ապա Եփեսոսից նավարկեց 22ու իջավ Կեսարիա, ելավ և ողջունեց եկեղեցուն ու իջավ Անտիոք։ 23Այստեղ միառժամանակ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրում և Փռյուգիայում՝ բոլոր աշակերտներին ամրապնդելով։
Ապողոսի քարոզչությունը Եփեսոսում
24Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, որ ճարտասան էր և Սուրբ Գրքին քաջածանոթ, եկավ հասավ Եփեսոս։ 25Նա տեղյակ էր Տիրոջ ճանապարհին և ջերմեռանդ հոգով քարոզում էր ու ճշմարտապես ուսուցանում Հիսուսի մասին։ Նա միայն Հովհաննեսի մկրտությունը գիտեր։ 26Ապողոսը սկսեց ժողովարանում համարձակ խոսել։ Երբ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան լսեցին, նրան իրենց մոտ վերցրին և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։ 27Երբ նա ցանկացավ Աքայիա գնալ, եղբայրները, հավանություն տալով, գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Տեղ հասնելուն պես նա Աստծու շնորհով մեծապես նպաստեց հավատացյալներին, 28որովհետև բուռն կերպով հրապարակավ հակաճառում էր հրեաներին՝ Սուրբ Գրքի միջոցով ցույց տալով, որ Քրիստոսը Հիսուսն է։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in