Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22
22
Դավթի հաղթանակի երգը
(Սաղ. 18)
1Այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը, երբ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից։ 2Նա ասաց.
«Տերն իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարարն է։
3Աստված իմ ժայռն է, և ես նրա մեջ եմ ապաստան գտնում,
Իմ վահանը և իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է ու իմ ապաստանը,
Իմ ազատիչը. դու ես անիրավությունից ազատում ինձ։
4Ես կանչում եմ Տիրոջը, որ փառաբանության է արժանի,
Եվ պիտի ազատվեմ իմ թշնամիներից։
5Քանզի մահվան ալիքներն ինձ պաշարեցին,
Կորստյան վտակներն ինձ տագնապեցրին։
6Դժոխքի լարերը պատեցին ինձ,
Մահվան որոգայթներն իմ առաջն առան։
7Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը
Եվ աղաղակեցի իմ Աստծուն,
Եվ նա իր տաճարից լսեց իմ ձայնը,
Եվ աղաղակն իմ հասավ նրա ականջին։
8Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց,
Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին,
Քանզի նա բարկացավ։
9Ծուխ ելավ նրա քթից,
Եվ նրա բերանից՝ ամենակուլ կրակ.
Կայծակներ փայլատակեցին նրանից։
10Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ,
Եվ մեգ կար նրա ոտքերի տակ։
11Նա հեծավ քերովբեին ու թռավ
Եվ երևաց հողմի թևերի վրա։
12Խավարն իր շուրջը ծածկոց դրեց՝
Ջրերի զանգվածը և երկնքի թանձր ամպերը։
13Նրա առջևի ճաճանչից
Բորբոքվեցին կրակի կայծեր։
14Տերը որոտաց երկնքից,
Եվ Բարձրյալը տվեց իր ձայնը։
15Նետեր ուղարկեց և դրանք ցրեց,
Կայծակներ, և նրանց խուճապի մատնեց։
16Տիրոջ հանդիմանությամբ,
Նրա բարկության հողմի փչելուց
Երևացին ծովի հատակները,
Հայտնվեցին երկրի հիմքերը։
17Բարձրից ուղարկեց և ինձ բռնեց,
Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։
18Ինձ ազատեց իմ զորեղ թշնամուց,
Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից։
19Նրանք ոտքի ելան իմ դեմ իմ նեղության օրը,
Բայց Տերը նեցուկ եղավ ինձ համար։
20Նա ինձ դուրս բերեց լայնարձակ մի տեղ,
Ազատեց ինձ, քանզի հավանեց ինձ։
21Տերն ինձ վարձատրեց իմ արդարության համեմատ,
Ըստ իմ ձեռքի մաքրության հատուցեց ինձ։
22Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները
Եվ ամբարշտություն չարեցի իմ Աստծու դեմ։
23Որովհետև իմ առաջն են նրա բոլոր դատավճիռները,
Եվ ես նրա կանոններից չհեռացա։
24Նրա առաջ կատարյալ եղա
Եվ զգուշացա իմ անօրենությունից։
25Տերն ինձ հատուցեց իմ արդարության համեմատ,
Ըստ իմ մաքրության՝ նրա աչքի առաջ։
26Ողորմած մարդու հետ ողորմած ես,
Կատարյալ մարդու հետ կատարյալ ես,
27Մաքուրի հետ մաքուր ես,
Խոտորի հետ հնարագետ ես։
28Եվ դու փրկում ես վշտացած ժողովրդին,
Աչքերդ պահում ես ամբարտավանների վրա, որ նվաստացնես։
29Քանզի դու ես իմ ճրագը, ո՜վ Տեր,
Եվ Տերը լուսավորելու է իմ խավարը։
30Քանզի քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնել
Եվ իմ Աստծով կանցնեմ պարսպից։
31Աստծու ճանապարհը կատարյալ է,
Տիրոջ խոսքը վստահելի է.
Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։
32Քանզի ո՞վ է Աստված՝ բացի Տիրոջից,
Եվ ո՞վ է Վեմ՝ բացի մեր Աստծուց։
33Աստված է իմ հզոր բերդը,
Որ իմ ճամփան ապահով է դարձնում։
34Նա հաստատուն դարձրեց իմ ոտքերը, ինչպես եղջերուինը,
Եվ ինձ բարձունքների վրա ապահով կանգնեցրեց։
35Նա իմ ձեռքերը պատերազմի է վարժեցնում,
Եվ իմ բազուկները պղնձե աղեղներ են լարում։
36Եվ դու ինձ տվեցիր քո փրկության վահանը,
Ու քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։
37Դու լայնացրիր ընթացքն իմ ոտքերի տակ,
Եվ իմ սրունքները չդողդողացին։
38Հալածեցի իմ թշնամիներին և ոչնչացրի նրանց,
Ու ես ետ չդարձա, մինչև որ չկործանեցի նրանց։
39Ես ջնջեցի նրանց ու տապալեցի, որ էլ ոտքի չկանգնեն.
Նրանք իմ ոտքերի տակ ընկան։
40Դու ինձ զորությամբ գոտեպնդեցիր պատերազմելու
Եվ իմ դեմ ելնողներին ինձ հնազանդեցրիր։
41Իմ թշնամիների թիկունքը դեպի ինձ դարձրիր,
Որ ինձ ատողներին ջարդեմ։
42Նայեցին, բայց փրկող չկար.
Տիրոջը կանչեցին, բայց չպատասխանեց նրանց։
43Իսկ ես նրանց փշրեցի երկրի փոշու պես,
Ճանապարհի ցեխի պես մանրեցի և տրորեցի նրանց։
44Դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի կռվից,
Ինձ պահեցիր, որ ազգերի գլուխ լինեմ.
Այն ազգը, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ։
45Օտարների որդիները խոնարհվեցին ինձ
Եվ հնազանդվեցին ինձ՝ իրենց ականջով լսելով։
46Օտարների որդիները թուլացան
Եվ դողալով դուրս եկան իրենց ապաստաններից։
47Կենդանի է Տերը, և Օրհնյալ է իմ Վեմը,
Թող բարձրյալ լինի Աստված՝ իմ փրկության Վեմը,
48Այն Աստվածը, որ վրեժխնդիր է լինում ինձ համար
Եվ ժողովուրդներին ինձ ենթարկում։
49Եվ որ ազատելով ինձ իմ թշնամիներից՝
Ինձ իմ հակառակորդներից բարձր դրեցիր
Եվ ազատեցիր ինձ բռնակալ մարդուց։
50Սրա համար, Տե՜ր, քեզ պիտի գովեմ ազգերի մեջ
Եվ քո անվանը սաղմոսներ երգեմ,
51Որ իր թագավորին մեծ հաղթանակներ տվեց
Եվ հավիտենապես ողորմություն ցույց տվեց
Իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին հավիտյան»։
Currently Selected:
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018