Բ Պետրոս 1
1
Ուղերձ և ողջույն
1Սիմոն Պետրոսը՝ ծառա և առաքյալ Հիսուս Քրիստոսի, նրանց, որոնց մեր Աստծու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատն ընդունել. 2շնորհ ձեզ, և թող խաղաղությունը շատանա Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին գիտությամբ։
Աստծու կոչը և ընտրությունը
3Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, 4որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։ 5Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, 6գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, 7աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով։ 8Որովհետև սրանք ձեր մեջ ունենալով ու առատացնելով՝ դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ 9Բայց նա, ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճատես՝ մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելու մասին։ 10Դրա համար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետև դրանք անելով՝ երբեք հանցանք չեք գործի, 11քանի որ այսպես առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։
12Ուստի մտադիր եմ ձեզ այս բաների մասին միշտ հիշեցնելու, թեև գիտեք ու հաստատված եք այս ներկա ճշմարտության մեջ։ 13Իրավունք եմ համարում, որ քանի դեռ այս մարմնի մեջ եմ, ձեզ հիշեցնելով արթուն պահեմ։ 14Գիտեմ, որ շուտով հեռանալու եմ կյանքից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ։ 15Բայց կջանամ, որ աշխարհից իմ հեռանալուց հետո այս բաները հիշեք։
Քրիստոսի փառքի ականատեսներ
16Մենք ոչ թե հնարված առասպելներին հետևելով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ ականատես եղանք նրա մեծությանը։ 17Քանի որ Հայր Աստծուց ստացավ պատիվ ու փառք, երբ մեծավայելուչ փառքից այսպիսի ձայն եկավ իրեն. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը»։ 18Եվ երկնքից եկած այս ձայնը հենց մենք լսեցինք, երբ նրա հետ այն սուրբ լեռան վրա էինք։ 19Եվ մարգարեական ավելի հաստատուն խոսքն ունենք, որին եթե անսաք, լա՛վ կանեք, ինչպես մի ճրագ, որ մութ տեղում լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա, և առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։
20Նախ սա՛ իմացեք, որ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, 21որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։
Currently Selected:
Բ Պետրոս 1: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018