YouVersion Logo
Search Icon

Բ Կորնթացիներին 11

11
Պողոսը և սուտ առաքյալները
1Եթե կարողանայիք իմ անմտությունը մի քիչ հանդուրժել. բայց անշուշտ հանդուրժում եք։ 2Քանզի ձեզ սիրում եմ Աստծու հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ։ 3Բայց վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ Եվային խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից։ 4Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզի, որին մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, նրան հաճույքով կընդունեք։ 5Կարծում եմ, որ մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեմ։ 6Թեկուզ խոսքով անգետ լինեմ, բայց ոչ գիտության մեջ։ Մենք ամեն կերպ ձեզ ամբողջովին ցույց տվեցինք։
7Մի՞թե մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, որպեսզի դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։ 8Ուրիշ եկեղեցիների կողոպտեցի և ապրուստ վերցրի ձեզ ծառայելու համար։ 9Եվ երբ ձեզ մոտ էի, նույնիսկ կարիքի մեջ լինելով՝ ձեզանից որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին։ Ամեն կերպ առանց ձեզ վրա բեռ լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ։ 10Իմ մեջ եղած Քրիստոսի ճշմարտությամբ ասում եմ, որ իմ այս պարծանքն Աքայիայի կողմերում ինձանից չեն խլի։ 11Ինչո՞ւ, որովհետև ձեզ չե՞մ սիրում։ Աստված գիտի դա։ 12Այն, ինչ անում եմ, անելու եմ, որպեսզի պատճառ որոնողներին պատճառ չտամ պարծենալու, թե իրենք էլ են մեզ նման։ 13Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ 14Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ 15Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու։
Առաքելական պաշտոնի տառապանքը
16Դարձյալ ասում եմ. չլինի թե մեկն ինձ հիմար համարի, իսկ եթե ոչ, գոնե հիմարի պե՛ս ինձ ընդունեք, որպեսզի ես էլ մի քիչ պարծենամ։ 17Ինչ որ խոսում եմ, ոչ թե ըստ Տիրոջ կամքի եմ խոսում, այլ որպես անմիտ, որ պարծենալու նյութ ունի։ 18Եվ քանի որ շատերն ըստ մարդկային մղումների են պարծենում, ես էլ պիտի պարծենամ։ 19Իմաստուն լինելով՝ հոժարությամբ համբերում եք անմիտներին։ 20Որովհետև համբերում եք, երբ մեկը ձեզ ստրկացնում է, երբ մեկը ուտում է ձեր ունեցվածքը, երբ մեկը կողոպտում է, երբ մեկը գոռոզանում է, երբ մեկը ապտակում է ձեզ։ 21Ամաչում եմ ասել՝ որպես թե մենք տկար ենք եղել։ Անմտությամբ եմ ասում. եթե որևէ մեկը համարձակվում է պարծենալ ինչ-որ բանում, ես էլ եմ համարձակվում։ 22Եբրայեցի՞ են, ես էլ, իսրայելացի՞ են, ես էլ, Աբրահամի սերո՞ւնդն են, ես էլ։ 23Քրիստոսի սպասավորնե՞ր են, խենթությամբ եմ ասում՝ ես՝ առավել ևս. վաստակով՝ առավել ևս, գանահարությամբ՝ առավել ևս, բանտարկությամբ՝ առավել ևս, մահվան վտանգով՝ բազում անգամ։ 24Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։ 25Երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել։ 26Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։ 27Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։ 28Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։ 29Ո՞վ է տկարանում, և ես նրա հետ չեմ տկարանում, ո՞վ է գայթակղվում, որի համար ես չեմ այրվում։
30Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությամբ կպարծենամ։ 31Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտի, որ սուտ չեմ ասում. 32Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչը ինձ ձերբակալելու համար Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում։ 33Բայց ինձ պատուհանից զամբյուղով պարսպից իջեցրին, ու ես նրա ձեռքից փախա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Բ Կորնթացիներին 11