YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5

5
1Երբ ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար, Սողոմոնը բերեց իր հայր Դավթի նվերները՝ արծաթը, ոսկին ու բոլոր անոթներտ, դրեց Աստծու տան գանձարանում։
Ուխտի տապանակը բերվում է տաճար
(Գ Թագ. 8.1-9)
2Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին ու իսրայելացիների տոհմապետներին, որ Տիրոջ ուխտի տապանակը տանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ 3Իսրայելի բոլոր տղամարդիկ հավաքվեցին թագավորի մոտ՝ յոթերորդ ամսի տոնը կատարելու համար։ 4Երբ Իսրայելի բոլոր ծերերը եկան, ղևտացիները վերցրին տապանակը։ 5Նրանք տարան տապանակը, ժողովի վրանն ու վրանում եղած բոլոր սուրբ անոթները։ Քահանաներն ու ղևտացիները տարան դրանք։ 6Սողոմոն թագավորն ու Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը, որոնք հավաքվել էին նրա մոտ, անթիվ-անհամար ոչխարներ ու եզներ էին զոհում տապանակի առջև։ 7Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը բերեցին դրեցին իր տեղը՝ տան սրբարանում, սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։ 8Քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա և վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։ 9Ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սուրբ տեղից՝ սրբությունների սրբության առջևից, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մինչև այսօր։ 10Տապանակի մեջ ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որ Մովսեսը տվեց Քորեբում, երբ Տերը ուխտ արեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ։
Տիրոջ փառքը
11Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (որովհետև այնտեղ գտնվող բոլոր քահանաները սրբագործվել էին առանց իրենց դասը պահպանելու), 12և բոլոր ղևտացի երգիչները՝ Ասափը, Եմանը, Իդիթունը և նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզներ հագած, ծնծղաներով, տավիղներով և քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում. նրանց հետ նաև հարյուր քսան քահանաներ, որոնք փողեր էին հնչեցնում։ 13Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով, 14և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել պաշտամունք կատարելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in