YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3

3
1Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում։ 2Նա սկսեց այն կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսի երկուսին։ 3Ահա Սողոմոնի դրած հիմքը Աստծու տունը կառուցելու համար. դրա երկարությունը նախկին չափով վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։ 4Տաճարի առջևի սրահի երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, իսկ բարձրությունը՝ հարյուր քսան կանգուն, և ներսից այն երեսապատեց մաքուր ոսկով։ 5Մեծ տունը ծածկեց մայրի փայտով, այն երեսապատեց մաքուր ոսկով և վրան քանդակեց արմավենիներ ու շղթաներ։ 6Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով. իսկ ոսկին Փարուիմի ոսկի էր։ 7Տան գերանները, դռան սյուները, դրա պատերն ու դռները պատեց ոսկով և պատերին քերովբեներ քանդակեց։ 8Նա շինեց նաև սրբությունների սրբության սրահը. դրա երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, դրա լայնությունն էլ՝ քսան կանգուն։ Նա այն պատեց վեց հարյուր տաղանդ մաքուր ոսկով։ 9Մեխերի կշիռը մինչև հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատները նույնպես պատեց ոսկով։ 10Սրբությունների սրբության մեջ երկու քանդակազարդ քերովբեներ պատրաստեց և դրանք պատեց ոսկով։ 11Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և դիպչում էր մյուս քերովբեի թևին։ 12Մյուս քերովբեի մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և կցված էր մյուս քերովբեի թևին։ 13Այս քերովբեների տարածված թևերը քսան կանգուն էին. դրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, և դրանց դեմքերը դարձած էին դեպի տունը։
14 Նա վարագույրը պատրաստեց կապուտակ, ծիրանագույն, կարմիր գործվածքներից ու բեհեզից և դրա վրա հյուսեց քերովբեներ։
Պղնձե երկու սյուները
(Գ Թագ. 7.15-22)
15Տան առջև երկու սյուներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն երկարությամբ, որոնց ամեն մեկի գլխի խոյակը հինգ կանգուն էր։ 16Նա սրբությունների սրբության մեջ եղածի նման շղթաներ պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին և հարյուր նուռ սարքեց ու անցկացրեց շղթաներին։ 17Սյուները կանգնեցրեց տաճարի առաջ՝ մեկը աջ կողմում, մյուսը ձախ կողմում. աջ կողմինը կոչեց Հաքին, իսկ ձախ կողմինը՝ Բոոզ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3