YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20

20
Պատերազմ Սեիրի դեմ
1Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։ 2Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։ 3Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։ 4Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։ 5Հոսափատը կանգնեց Հուդայի և Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը, նոր սրահի առաջ 6և ասաց. «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։ 7Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։ 8Եվ նրանք բնակվեցին այստեղ և այստեղ քո անվան սրբարան շինեցին ու ասացին. 9“Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ”։ 10Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։ 11Բայց ահա նրանք հատուցում են մեզ՝ մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։ 12Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված»։ 13Հուդայի բոլոր բնակիչները կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով և որդիներով։
14Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդու՝ Հեիելի որդու՝ Բանեայի որդու՝ Զաքարիայի որդի Հազիելի վրա, 15և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ 16Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։ 17Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի”»։ 18Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։ 19Ապա Կահաթի տոհմից և Կորխի տոհմից եղող ղևտացիները վեր կացան՝ բարձր և ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։
20Առավոտյան կանուխ վեր կացան և գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հոսափատը կանգնեց և ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներ, հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք, հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք»։ 21Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։ 22Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։ 23Որովհետև ամմոնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա՝ ջարդելու և բնաջնջելու նրանց։ Եվ երբ վերջացրին իրենց գործը Սեիրի բնակիչների հետ, իրար օգնեցին՝ միմյանց ջարդելու։ 24Հուդայի մարդիկ եկան անապատի բարձր մի տեղ ու նայեցին այդ բազմությանը. և ահա նրանց դիակները փռված էին գետնին, ոչ ոք չկար ազատված։ 25Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
26Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բերախայի#20.26 Նշանակում է օրհնություն։ հովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը. դրա համար էլ այդ տեղը կոչեցին Բերախայի հովիտ մինչև այսօր։ 27Հուդայի և Երուսաղեմի բոլոր մարդիկ, Հոսափատին ունենալով իբրև իրենց պարագլուխ, ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։ 28Նրանք տավիղներով, քնարներով և փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։ 29Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։ 30Հոսափատի թագավորությունը խաղաղ մնաց, և Աստված հանգստություն տվեց նրան ամեն կողմից։
Հոսափատի թագավորության վախճանը
(Գ Թագ. 22.41-50)
31Հոսափատը թագավորեց Հուդայի վրա։ Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ազուբա՝ Սաղիի դուստրը։ 32Հոսափատն ընթացավ իր հոր՝ Ասայի ճանապարհով և չխոտորվեց դրանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ աչքին։ 33Միայն թե Բարձր տեղերը չվերացվեցին, և ժողովուրդն էլ իր սիրտը տակավին չէր պատրաստել դառնալու դեպի իր հայրերի Աստվածը։ 34Հոսափատի մնացյալ գործերը՝ առաջիններն ու վերջինները, գրի են առնված Անանիի որդի Հեուի պատմությունների մեջ, որոնք մտել են Իսրայելի թագավորների գրքի մեջ։
35Դրանից հետո Հուդայի Հոսափատ թագավորը դաշնակցեց Իսրայելի Օքոզիա թագավորի հետ, որը չար գործեր էր անում։ 36Նրա հետ ընկերացավ, որպեսզի նավեր կառուցեն Թարսիս գնալու համար։ Նրանք նավեր կառուցեցին Գասիոն-Գաբերում։ 37Մարեսացի Դոդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հոսափատի մասին՝ ասելով. «Քանի որ դու դաշնակցեցիր Օքոզիայի հետ, Տերը պիտի քանդի քո գործերը»։ Նավերը ջարդվեցին ու չկարողացան Թարսիս գնալ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in