YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17

17
Հոսափատը թագավորում է
1Նրա որդի Հոսափատը թագավոր եղավ նրա փոխարեն և իր պաշտպանության միջոցները զորացրեց Իսրայելի դեմ։ 2Զորքեր դրեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում, ինչպես նաև պահապան զորքեր՝ Հուդայի երկրում և Եփրեմի երկրի քաղաքներում, որոնք գրավել էր իր հայր Ասան։ 3Տերը Հոսափատի հետ էր, որովհետև նա գնում էր իր նախահոր՝ Դավթի սկզբնական ճանապարհներով. Բահաղներ չորոնեց, 4այլ իր հոր Աստծուն փնտրեց և առաջնորդվեց նրա պատվիրաններով և ոչ թե ինչպես արել էր Իսրայելը։ 5Տերը հաստատեց թագավորությունը նրա ձեռքում։ Ամբողջ Հուդան ընծաներ էր տալիս Հոսափատին, և նրա հարստությունն ու փառքը մեծացան։ 6Նրա սիրտը արիացավ Տիրոջ ճանապարհների մեջ, և նա Հուդայից վերացրեց Բարձր տեղերն ու Աստարովթի կուռքերը։
7Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխանավորներին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին և Միքիային, ուղարկեց, որ ուսուցանեն Հուդայի քաղաքներում։ 8Նրանց հետ էին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբաթիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան։ Նրանց հետ էին նաև Եղիսամա և Հովրամ քահանաները։ 9Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց մոտ ունենալով Տիրոջ օրենքի գիրքը։ Նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքները և ուսուցանում էին ժողովրդին։
Հոսափատի մեծությունը
10Տիրոջ վախը պատեց Հուդայի շրջակայքում գտնվող բոլոր երկրների թագավորություններին, և նրանք չպատերազմեցին Հոսափատի դեմ։ 11Փղշտացիներից էլ ոմանք ընծաներ և հարկի փող էին բերում Հոսափատի համար. արաբները նույնպես իրենց հոտերից նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։ 12Հոսափատը գնալով մեծացավ և շատ բարձրացավ։ Հուդայում նա կառուցեց բերդեր և շտեմարանների քաղաքներ։ 13Նա շատ գործեր ուներ Հուդայի քաղաքներում, իսկ Երուսաղեմում՝ քաջազուն ռազմիկներ։ 14Ահա նրանց մարդահամարը ըստ իրենց ազգատոհմերի. Հուդայի հազարապետներն էին՝ Եդնա իշխանը. նրա հետ՝ երեք հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։ 15Նրանից հետո՝ Հոհանան իշխանը. նրա հետ՝ երկու հարյուր ութսուն հազար մարդ։ 16Նրանից հետո՝ Զեքրիի որդի Ամասիան, որն իրեն նվիրել էր Տիրոջը. նրա հետ՝ երկու հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։ 17Բենիամինից՝ քաջազուն ռազմիկ Եղիադան. նրա հետ՝ երկու հարյուր հազար աղեղնավոր և ասպարավոր։ 18Նրանից հետո՝ Հոզաբադը. նրա հետ՝ հարյուր ութսուն հազար սպառազինյալներ։ 19Սրանք էին թագավորին ծառայություն անողները, բացի նրանցից, որոնց թագավորը դրել էր Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in