Ա Տիմոթեոսին 5
5
Պատասխանատվություն հավատացյալների հանդեպ
1Ծեր մարդուն խիստ մի՛ հանդիմանիր, այլ հորդորի՛ր ինչպես հոր, երիտասարդներին՝ ինչպես եղբայրների, 2պառավներին՝ ինչպես մայրերի, դեռատի կանանց՝ ինչպես քույրերի, ամենայն անարատությամբ։
3Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։ 4Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նախ թող սովորեն իրենց ընտանիքում բարեպաշտ լինել ու իրենց ծնողներին փոխհատուցում տալ, որովհետև դա է բարին և Աստծու առաջ ընդունելի է։ 5Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, նա հույսն Աստծու վրա է դնում և գիշեր-ցերեկ հարատևում աղոթքի ու խնդրանքի մեջ։ 6Բայց հաճոյասեր այրին ողջ լինելով մեռած է։ 7Այս բաները պատվիրի՛ր, որ անարատ լինեն։ 8Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է։ 9Թող այրի համարվի նա, ով վաթսուն տարեկանից պակաս չէ և մեկ ամուսնու կին է եղել, 10բարի գործերով է վկայվել, երեխաներ է մեծացրել, հյուրեր ընդունել, սրբերի ոտքերը լվացել, նեղության մեջ գտնվողներին ձեռք մեկնել, ամեն բարի գործերի հետևել։ 11Բայց դեռատի այրիներից հեռո՛ւ մնա, քանի որ երբ նրանց ցանկությունները Քրիստոսի դեմ են դառնում, կամենում են ամուսնանալ 12և դատաստան են ընդունում, որովհետև դրժել են իրենց առաջին խոստումը։ 13Միաժամանակ էլ ծուլության են վարժվում՝ տնետուն շրջելով, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են լինում, խոսում են այն, ինչ որ պետք չէ։ 14Կամենում եմ, որ դեռատի այրիներն ամուսնանան, զավակներ ծնեն, տանտիրուհի լինեն և հակառակորդին հայհոյելու առիթ չտան, 15քանի որ ոմանք արդեն խոտորվել են՝ սատանային հետևելով։ 16Եթե մի հավատացյալ այրիներ ունի, թող հոգ տանի նրանց և եկեղեցուն չծանրաբեռնի, որպեսզի իսկական այրիներին հոգ տանի։
Երեցների մասին
17Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզով ու վարդապետությամբ։ 18Որովհետև Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։ 19Երեցի դեմ ամբաստանություն մի՛ ընդունիր, եթե երկու կամ երեք վկաներով չէ։ 20Իսկ մեղանչածներին բոլորի առաջ հանդիմանի՛ր, որպեսզի ուրիշներն էլ վախենան։ 21Պարտավորեցնում եմ քեզ Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բաները պահես առանց կանխակալ կարծիքի՝ աչառությամբ ոչինչ չանելով։
22Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնել և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր. ինքդ քեզ անարա՛տ պահիր։ 23Այսուհետև միայն ջո՛ւր մի խմիր, այլ մի քիչ գինի՛ գործածիր ստամոքսիդ և հաճախակի հիվանդանալուդ պատճառով։
24Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են դատաստանից առաջ, իսկ ոմանց մեղքերն էլ հետո են ի հայտ գալիս։ 25Այդպես էլ բարի գործերն են հայտնի դառնում, իսկ մյուսները, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։
Currently Selected:
Ա Տիմոթեոսին 5: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018