Ա Թեսաղոնիկեցիներին 5:12-28
Ա Թեսաղոնիկեցիներին 5:12-28 ՆՎԱԱ
Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։ Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար. իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։ Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։ Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։ Հոգին մի՛ մարեք։ Մարգարեությունները մի՛ անարգեք։ Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։ Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։ Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։ Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։ Բոլոր եղբայրներին սուրբ համբույրո՛վ ողջունեք։ Տիրոջով երդվեցնում եմ ձեզ, որ այս նամակը բոլոր սուրբ եղբայրներին կարդացվի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Ամեն։