YouVersion Logo
Search Icon

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

7
1Եվ Կարիաթարիմի մարդիկ գնացին ու Տիրոջ տապանակը վեր բարձրացրին և բերեցին Աբինադաբի տուն, որը բլրի վրա էր. և նրա որդուն՝ Եղիազարին, սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ տապանակը։ 2Եվ տապանակը Կարիաթարիմ բերած օրից հետո շատ օրեր անցան՝ քսան տարի, և Իսրայելի ամբողջ տունը հառաչեց Տիրոջ հետևից։
Սամուելը կառավարում է Իսրայելը
3Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։ 4Եվ Իսրայելի որդիները հեռացրին Բահաղիմին ու Աստարովթին և միայն Տիրոջը ծառայեցին։ 5Եվ Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելը հավաքե՛ք Մասփայում, որպեսզի ձեզ համար աղոթեմ Տիրոջը»։ 6Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։
7Եվ երբ փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ. երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։ 8Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից»։ 9Եվ Սամուելը կաթնակեր մի գառնուկ վերցրեց և այն ամբողջովին ողջակեզ մատուցեց Տիրոջը. և Սամուելը Տիրոջն աղաղակեց Իսրայելի համար, և Տերը պատասխանեց նրան։ 10Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։ 11Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։ 12Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր#7.12 Այսինքն՝ օգնության քար։՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։ 13Փղշտացիները մնացին գլխիկոր և այլևս չհարձակվեցին Իսրայելի սահմանի վրա, և Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։ 14Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։
15Եվ Սամուելը Իսրայելի դատավորն էր իր կյանքի բոլոր օրերին։ 16Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղգաղա և Մասփա, շրջագայում էր բոլոր այդ տեղերում և դատում էր Իսրայելին։ 17Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in