Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10
10
Սամուելը Սավուղին իշխան է օծում
1Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։ 2Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինի երկրի սահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերի հոգսը թողած, մտածում է ձեր մասին ու ասում. "Ի՞նչ անեմ տղայիս համար"”։ 3Եվ երբ այնտեղից գնաս ու հասնես Թաբորի կաղնուն, այնտեղ քեզ կհանդիպեն երեք մարդ, որոնք գնում են Բեթել՝ Աստծու մոտ։ Նրանցից մեկը երեք ուլ է տանում, մեկը՝ հացի երեք նկանակ, մեկն էլ՝ մի տիկ գինի։ 4Նրանք կհարցնեն քո ողջությունը և քեզ երկու հաց կտան, դու էլ կվերցնես նրանց ձեռքից։ 5Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։ 6Եվ Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա, ու նրանց հետ մարգարեություն կանես, և դու կփոխվես և ուրիշ մարդ կդառնաս։ 7Եվ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է։ 8Եվ ինձանից առաջ կիջնես Գաղգաղա, և ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար. յոթ օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ և քեզ հաղորդեմ քո անելու գործը»։
9Եվ երբ նա մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան, ուրիշ մի սիրտ տվեց. և նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։ 10Եվ երբ եկան այն բլուրը, ահա մարգարեների մի խումբ ընդառաջ եկավ նրան, և Աստծու Հոգին իջավ նրա վրա, և նրանց մեջ մարգարեություն արեց։ 11Եվ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան, երբ տեսան, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, այդ մարդիկ իրար ասացին. «Այս ի՞նչ է եղել Կիսի որդու հետ. մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։ 12Եվ այնտեղի մարդկանցից մեկը պատասխանեց ու ասաց. «Հապա ո՞վ է նրանց հայրը»։ Եվ սա մի առած դարձավ նրա մասին. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։ 13Եվ երբ դադարեց մարգարեություն անելուց, եկավ բարձր տեղը։ 14Եվ Սավուղի հորեղբայրը նրան և նրա ծառային ասաց. «Ո՞ւր էիք գնացել»։ Եվ Սավուղն ասաց. «Էշերը փնտրելու, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։ 15Եվ Սավուղի հորեղբայրն ասաց. «Պատմի՛ր ինձ, Սամուելը ձեզ ի՞նչ ասաց»։ 16Եվ Սավուղն իր հորեղբորն ասաց. «Նա մեզ հստակ ասաց, որ էշերը գտնվել են»։ Բայց թագավորության մասին Սամուելի ասած խոսքը չհայտնեց նրան։
Սավուղը թագավոր է հռչակվում
17Եվ Սամուելը ժողովրդին հավաքեց Մասփայում, Տիրոջ առաջ 18և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես Իսրայելին հանեցի Եգիպտոսից և ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու ձեզ նեղություն տվող բոլոր թագավորների ձեռքից”, 19բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և նրան ասացիք. “Անպատճառ մեզ վրա մի թագավո՛ր դիր”։ Եվ հիմա կանգնե՛ք Տիրոջ առաջ՝ ըստ ձեր ցեղերի և հազարավորների»։ 20Եվ Սամուելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։ 21Եվ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, և վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդուն՝ Սավուղին, և նրան փնտրեցին, բայց չգտնվեց։ 22Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե՝ «Արդյոք այդ մարդը կգա՞ այստեղ», և Տերն ասաց. «Ահա նա թաքնվել է կարասիների մեջ»։ 23Եվ վազեցին ու այնտեղից վերցրին նրան. երբ նա կանգնեց ժողովրդի մեջտեղը, իր ուսերից վեր բարձր էր ամբողջ ժողովրդից։ 24Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսա՞ք, Տերն ում է ընտրել. ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե՜ թագավորը»։ 25Ապա Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորության իրավունքներն ու պարտավորությունները և գրեց գրքի մեջ ու դրեց Տիրոջ առաջ. և Սամուելն արձակեց ամբողջ ժողովրդին. ամեն մեկին՝ իր տունը։ 26Սավուղն էլ գնաց իր տուն՝ Գաբաա, և նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։ 27Բայց չար մարդիկ էլ ասացին. «Ի՞նչ է, սա՞ պիտի մեզ ազատի». և նրան անարգեցին ու նրա համար ընծա չտարան, բայց նա լռեց։
Currently Selected:
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018