YouVersion Logo
Search Icon

Ա Պետրոս 1

1
Ուղերձ և ողջույն
1Պետրոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ ընտրյալ պանդուխտներիդ, որ ապրում եք սփյուռքում՝ Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում՝ 2ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործության, հնազանդվելու և Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար. թող շնորհն ու խաղաղությունը շատանան ձեզ վրա։
Գոհություն՝ փրկության հույսի համար
3Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, 4այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, 5որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։ 6Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, 7որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, 8որին չտեսած՝ սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝ 9ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։
10Այդ փրկության համար փնտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ սահմանված շնորհի մասին՝ 11քննելով, թե ինչպիսի՛ ժամանակի և ո՛ր հանգամանքներում էր իրենց մեջ եղած Քրիստոսի Հոգին ի սկզբանե վկայում Քրիստոսի չարչարանքների և դրանից հետո փառքի մասին։ 12Նրանց հայտնվեց, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այն բաները, որ այժմ հաղորդվեցին ձեզ նրանց միջոցով, որոնք ձեզ ավետարանեցին Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեց, և որի մեջ հրեշտակները ցանկանում են հայացքով թափանցել։
Սրբությամբ ապրելու կոչ
13Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, 14հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, 15այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, 16քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։
17Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝ 18իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, 19այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան, 20որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վերջում ձեզ համար, 21որ նրանով հավատացողներն եք այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծու վրա լինեն։
22Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝ 23վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի ու մնայուն խոսքով։ 24Որովհետև
«Ամեն մարմին խոտի պես է,
և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի.
խոտը չորանում է,
և նրա ծաղիկը՝ թափվում,
25 իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ես. 40.6-8)։
Սա է այն խոսքը, որ ձեզ ավետարանվեց։

Currently Selected:

Ա Պետրոս 1: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in