YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

5
Սողոմոնը պատրաստվում է տաճար կառուցել
(Բ Մն. 2.1-18)
1Տյուրոսի Քիրամ թագավորն իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, թե նրա հոր փոխարեն նրան են թագավոր օծել, որովհետև Քիրամը միշտ էլ սիրել էր Դավթին։ 2Եվ Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամի մոտ՝ ասելով. 3«Դու գիտես, որ իմ հայր Դավիթը չկարողացավ իր Տեր Աստծու անվան համար տուն շինել շրջակա ժողովուրդների դեմ պատերազմների պատճառով, մինչև որ Տերը նրանց չդրեց նրա ոտքի թաթերի տակ։ 4Բայց հիմա իմ Տեր Աստվածն ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից. ո՛չ հակառակորդ կա և ո՛չ էլ ձախորդ պատահար։ 5Եվ հիմա ես մտադիր եմ, որ մի տուն շինեմ իմ Տեր Աստծու անվան համար, ինչպես Տերը խոսել է իմ հայր Դավթի հետ՝ ասելով. “Քո այն որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարեն, իմ անվան տունը նա է շինելու”։ 6Արդ հրամա՛ն տուր, որ Լիբանանից մայրիներ կտրեն ինձ համար, և իմ ծառաները լինեն քո ծառաների հետ, և ես քո ծառաներին այնքան վարձ կտամ, որքան դու կասես, որովհետև դու գիտես, որ մենք այնպիսի մարդ չունենք, որ սիդոնացիների նման փայտ կտրել իմանա»։
7Եվ երբ Քիրամը Սողոմոնի խոսքերը լսեց, շատ ուրախացավ և ասաց. «Օրհնյա՜լ է այսօր Տերը, որ Դավթին իմաստուն որդի է տվել՝ այդ մեծ ժողովրդի վրա իշխելու»։ 8Եվ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մոտ՝ ասելով. «Ես լսեցի այն խոսքը, որ ուղարկել ես ինձ. ես կանեմ քեզ համար հաճելի այն ամենը, ինչ ասել ես եղևնափայտի և մայրու փայտի մասին։ 9Իմ ծառաները Լիբանանից փայտը կիջեցնեն ծով, և ես դրանցից լաստեր կշինեմ ծովում ու կուղարկեմ այն տեղը, որ ինձ ցույց կտաս. այնտեղ կքանդեմ դրանք, և դու կվերցնես. իսկ դու կկատարես իմ կամքը. հաց կտաս իմ տանը»։ 10Եվ Քիրամը Սողոմոնին այնքան եղևնափայտ և մայրու փայտ էր տալիս, որքան նա կամենում էր։ 11Եվ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն՝ նրա տան պարենի համար և քսան քոռ զտված ձիթայուղ. այսպես ամեն տարի Սողոմոնը պաշար էր տալիս Քիրամին։ 12Եվ Տերն իմաստություն տվեց Սողոմոնին, ինչպես ասել էր նրան, և խաղաղություն էր տիրում Քիրամի ու Սողոմոնի միջև, և նրանք դաշինք կնքեցին իրար հետ։
13Եվ Սողոմոն թագավորը մարդահարկ դրեց ամբողջ Իսրայելի վրա. հարկադիր աշխատող դարձան երեսուն հազար մարդ։ 14Նա հաջորդաբար նրանցից տասը հազարին ամեն ամիս ուղարկում էր Լիբանան, որոնք մեկ ամիս լինում էին Լիբանանում և երկու ամիս՝ տանը. այդ հարկի վերակացուն Ադոնիրամն էր։ 15Եվ Սողոմոնը յոթանասուն հազար բեռնակիր ուներ և սարում՝ ութսուն հազար քար կտրողներ, 16բացի երեք հազար երեք հարյուր վերակացուների պետերից, որ Սողոմոնը դրել էր գործավորներին վերահսկելու համար։ 17Եվ թագավորը հրամայեց, որ մեծ քարեր կտրեն, ընտիր քարեր՝ տան հիմքը տաշած քարերով դնելու համար։ 18Ե՛վ Սողոմոնի վարպետները, և՛ Քիրամի վարպետները, և՛ գեբաղացիները տաշում ու պատրաստում էին փայտերն ու քարերը տան շինարարության համար։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy