YouVersion Logo
Search Icon

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5

5
1Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները (որովհետև նա էր անդրանիկը, բայց իր հոր անկողինը պղծելու պատճառով նրա անդրանիկությունը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին։ Նա իբրև անդրանիկ չգրվեց ազգահամարի մեջ։ 2Թեև Հուդան իր եղբայրների մեջ զորավոր էր, և իշխանը նրանից եղավ, սակայն անդրանիկությունը Հովսեփին տրվեց)։ 3Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ 4Հովելի որդիները. նրա որդին՝ Սեմայիա, նրա որդին՝ Գոգ, նրա որդին՝ Սեմեի, 5նրա որդին՝ Միքա, նրա որդին՝ Ռեայիա, նրա որդին՝ Բաաղ։ 6Նրա որդին՝ Բեերա, որին գերի տարավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը։ Բեերան էր Ռուբենյանների իշխանը։ 7Նրա եղբայրների՝ իրենց տոհմերով ազգահամարի մեջ արձանագրվելիս գլխավորն էր Հեիելը, հետո՝ Զաքարիան 8և Հովելի որդու՝ Սեմայի որդու՝ Ազազի որդին՝ Բաղան։ Նա բնակվում էր Արոերում՝ մինչև Նաբավ և Բեելմոն։ 9Նա բնակվեց արևելյան կողմում՝ Եփրատ գետից մինչև անապատը, որովհետև նրանց անասունները շատացել էին Գաղաադի երկրում։ 10Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, որոնք իրենց ձեռքով ընկան։ Եվ բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադի արևելյան բոլոր կողմերում։
Գադի սերունդը
11Գադի որդիները բնակվեցին սրանց դիմաց՝ Բասանի երկրում, մինչև Սելքա։ 12Գլխավորն էր Հովելը, երկրորդը՝ Սափամը, ապա՝ Հունային և Սափատը Բասանում։ 13Նրանց եղբայրներն ըստ իրենց ազգատոհմերի՝ Միքայել, Մեսուղամ, Սաբեե, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր՝ այս յոթը։ 14Սրանք Բուզի որդու՝ Հաքդովի որդու՝ Հեսիսայի որդու՝ Միքայելի որդու՝ Գաղաադի որդու՝ Հարոայի որդու՝ Հուրիի որդի Աբիքելի որդիներն էին։ 15Գունիի որդու՝ Աբդիելի որդի Աքին նրանց ազգատոհմի գլխավորն էր։ 16Նրանք բնակվեցին Գաղաադում, Բասանում և դրա գյուղաքաղաքներում և Սարոնի բոլոր ագարակներում՝ մինչև դրանց սահմանները։ 17Նրանք ամենքը ազգահամարի մեջ գրվեցին Հուդայի Հովաթամ թագավորի և Իսրայելի Հերոբովամ թագավորի օրոք։
Արևելյան ցեղերի բանակները
18Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զորավոր, վահան ու սուր կրող, աղեղ քաշող, պատերազմի սովոր և պատերազմի գնացող քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն մարդիկ էին։ 19Նրանք պատերազմ մղեցին հագարացիների՝ հետուրացիների, նափեսացիների և նոդաբացիների դեմ 20և հաղթեցին նրանց։ Հագարացիներն ու բոլոր նրանք, որ նրանց հետ էին, մատնվեցին նրանց ձեռքը, որովհետև պատերազմի ժամանակ նրանք աղաղակեցին Աստծուն, և նա լսեց նրանց աղոթքը, քանի որ նրան էին ապավինել։ 21Նրանք գերեվարեցին նրանց անասունները՝ հիսուն հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ և հարյուր հազար մարդ։ 22Շատերն սպանվեցին, որովհետև այս պատերազմն Աստծուց էր։ Եվ նրանց հողում բնակվեցին մինչև տարագրությունը։
Մանասեի ցեղի արևելյան կեսի ժողովուրդը
23Մանասեի որդիների կես ցեղը բնակվեց այն երկրում, որը տարածվում էր Բասանից մինչև Բաաղհերմոն, Սանիր և Հերմոն լեռը. սրանք թվով շատ էին։ 24Նրանց ազգատոհմերի իշխանները սրանք էին՝ Ափեր, Հեսսի, Եղիել, Եզրիել, Երեմիա, Օդուիա և Հաքդիել, որոնք քաջազուն և անվանի մարդիկ էին, իրենց ազգատոհմերի գլխավորները։
Արևելյան ցեղերը տարագրվում են
25Սակայն նրանք ապստամբեցին իրենց հայրերի Աստծու դեմ և պոռնկացան՝ հետևելով այդ երկրի ազգերի աստվածներին, որոնց Աստված բնաջնջել էր նրանց առջևից։ 26Եվ Իսրայելի Աստվածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագավորի հոգին, որ նույն ինքը Թագղաթ-Փաղասարն է, և նա գերի տարավ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի կես ցեղին. նրանց տարավ Քաղա, Քաբոր, Հարա և Գոզան գետը, որտեղ մնում են մինչև այսօր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in