YouVersion Logo
Search Icon

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19

19
Դավիթը հաղթում է ամմոնացիներին և ասորիներին
(Բ Թագ. 10.1-19)
1Դրանից հետո մեռավ ամմոնացիների թագավոր Նաասը, և նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդին։ 2Դավիթն ասաց. «Նաասի որդի Անոնին հավատարմություն անեմ, որովհետև նրա հայրը հավատարմությամբ վարվեց ինձ հետ»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց, որպեսզի մխիթարեն նրան իր հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամմոնացիների երկիրը՝ Անոնի մոտ՝ մխիթարելու նրան։ 3Ամմոնացիների իշխաններն ասացին Անոնին. «Մի՞թե Դավիթը մեծարում է քո հորը քո աչքի առաջ, որ մխիթարիչներ է ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ քննեն այս երկիրը, տակնուվրա անեն և լրտեսեն»։ 4Եվ Անոնը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, կտրեց նրանց զգեստների կեսը մինչև նստատեղը և արձակեց նրանց։ 5Նրանք գնացին. երբ Դավթին պատմեցին այդ մարդկանց մասին, նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, որովհետև այդ մարդիկ խիստ անարգված էին։ Թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա վերադարձե՛ք»։
6Երբ ամմոնացիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթին, Անոնն ու ամմոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին, որպեսզի Միջագետքի ասորիներից, Մաաքայի ասորիներից և Սուբայից մարտակառքեր ու ձիավորներ վարձեն։ 7Նրանք իրենց համար վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, և եկան ու բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամմոնացիները ևս իրենց քաղաքներից հավաքվեցին և եկան պատերազմելու։
8Երբ Դավիթն այդ լսեց, ուղարկեց Հովաբին և քաջամարտիկների ամբողջ զորքը։ 9Ամմոնացիներն էլ դուրս եկան և պատերազմի շարվեցին քաղաքի մուտքի մոտ. իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին էին։ 10Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմը առջևից ու ետևից իր վրա է ուղղվում, ընտրեց Իսրայելի ամենաընտիրներին և պատերազմի շարեց ասորիների դեմ, 11իսկ մնացած զորքը հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային, և նրանք շարվեցին ամմոնացիների դիմաց։ 12Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթեն, դու ինձ օգնության կհասնես, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթեն, ե՛ս կօգնեմ քեզ։ 13Քաջասի՛րտ եղիր, և արիանանք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար. իսկ Տերը թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ 14Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին՝ պատերազմելու նրանց դեմ, և նրանք փախուստ տվեցին նրա առաջից։ 15Երբ ամմոնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի եղբոր՝ Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Եվ Հովաբը եկավ Երուսաղեմ։
16Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, պատգամավորներ ուղարկեցին և ոտքի հանեցին Գետի այն կողմում գտնվող ասորիներին։ Նրանց առջևից գնում էր Ադրաազարի զորագլուխ Սոբակը։ 17Երբ Դավթին ասվեց այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ հասավ նրանց, և շարվեցին նրանց դիմաց։ Դավիթը կռվի մեջ մտավ և պատերազմեց նրանց դեմ։ 18Ասորիները փախան իսրայելացիների առջևից։ Դավիթը ասորիներից յոթ հազար մարտակառքի զինվոր, քառասուն հազար հետևակ զինվոր ոչնչացրեց և սպանեց զորագլուխ Սոբակին։ 19Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, հաշտություն կնքեցին և դարձան նրա ծառաները։ Ասորիներն այլևս չուզեցին օգնել ամմոնացիներին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy